Հաղպատի փլուզված աշտարակն ամբողջությամբ կվերականգնվի. նախագիծը պատրաստ է
Հաղպատի աշտարակը, որը վնասվել էր վերջին տարիների երկրաշարժերից, ինչի պատճառով էլ այն 2023-ի մայիսի 14-ին փլուզվել էր, ամբողջությամբ կվերականգնվի:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Նրա խոսքով՝ Հաղպատում պարբերաբար ամրակայման և վերականգնման աշխատանքներ իրականացվել են, սակայն վերջին մի քանի տարում՝ ոչ:
«Հաղպատի աշտարակը վնասվել էր վերջին երկրաշարժերից: Մարզային աշխատակիցները խնդիրը ֆիքսել էին մոտ երկու տարի առաջ ու ահազանգել, ինչից հետո մենք ենք գնացել Հաղպատ: Դեռ նախորդ տարվա իմ այցից հետո նախարարությունը հայտարարել էր ամրակայման և նորոգման նախագծի մասին, որովհետև ակնհայտ էր, որ փլուզման վտանգ կա: Նախագիծն ընդունվել է գիտամեթոդական խորհրդի կողմից: Վերականգնման մրցույթը հայտարարման փուլում է, և առաջիկա օրերին կհայտարարվի: Մասնակից լինելու պարագայում այս տարի փլուզված աշտարակը և պարսպի տվյալ հատվածն ամբողջությամբ կվերականգնվեն»,-նշեց Վանյանը:
Նրա խոսքով՝ աշտարակի բոլոր քարերը տեղում են, և այն հնարավոր է վերականգնել առանց կորուստների:
«Ոչ միայն աշտարակի, այլև ճակատային պարսպի հատվածն ամբողջությամբ մինչև մյուս աշտարակը նախագծի մեջ ներառված են»,-շեշտեց Հարություն Վանյանը:
Անդրադառնալով պատմամշակութային հուշարձանների տարածքում կազմակերպվող ապօրինի թաղումներին և այլ խախտումներին՝ նա ասաց՝ խախտումներ պարբերաբար լինում են: Իրենք համապաստախան ու համարժեք աշխատանք են տանում այդ ուղղությամբ: