Չինաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մեկնարկում է այցը ՌԴ, Ուկրաինա և եվրոպական երկրներ
Չինաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 15-ից մեկնարկում է այցը ՌԴ, Ուկրաինա և Եվրոպայի երկրներ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 15-ից կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան՝ ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման շուրջ բանակցությունների համար», - հայտարարել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Վան Վենբինը։
Մարտին Չինաստանը ներկայացրել էր ուկրաինական կարգավորման` 12 կետից բաղկացած իր պլանը։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների հիման վրա և բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները հաշվի առնելով։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Известия» թերթում հրապարակված հարցազրույցում նշել է, որ Չինաստանի ծրագրի այն կետը, ըստ որի մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մյուսի անվտանգության հաշվին, համապատասխանում է այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։
Այս ամիս ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեմ չէ Չինաստանի մասնակցությանը Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, սակայն ցանկացած խաղաղ նախաձեռնություն պետք է հաշվի առնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իր հերթին ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման Պեկինի պլանը կենսունակ չի համարում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, օրերս ԵՄ արտաքին գործերի նախարարներին ուղղված նամակում Բորելը հայտարարել էր, որ միությունը պատրաստ է լրջորեն փոխգործակցել Չինաստանի հետ՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը կայունացնելու համար: