Սերբիան զանգվածային հրաձգություններից հետո քաղաքացիներից հավաքել է 13 500 միավոր զենք, այդ թվում՝ հրթիռային կայաններ
Սերբիայի իշխանությունները մայիսի 14-ին ցուցադրել են բնակիչների կողմից հանձնված 13 500 զենքերի մեծ մասը: Երկրում վերջին օրերին տեղի ունեցած երկու զանգվածային հրաձգություններից հետո մարդիկ պետությանն են հանձնել նռնակներ, ավտոմատներ և հակատանկային հրթիռային կայաններ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ին:
Սերբիայի իշխանությունները հայտարարել են, որ մեկ ամսվա ընթացքում չգրանցված զենքերը հանձնող քաղաքացիները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի:
Երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ ներկա է գտնվել զենքերի ցուցադրությանը Բելգրադից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Սմեդերևո քաղաքում: Վուչիչը հայտնել է, որ հավաքված զենքերի գրեթե կեսն անօրինական էին, սակայն մյուս կեսը գրանցված զենքեր էին, որոնք քաղաքացիներն, այնուամենայնիվ, որոշել են հանձնել պետությանը:
Սերբիայի նախագահը հավելել է, որ հունիսի 8-ից հետո, երբ ավարտվի հայտարարված ժամկետը, պետությունը շատ խիստ պատժի կենթարկի անօրինական զենք ունեցողներին:
Սերբիան եվրոպական երկրների շարքում առաջատար է մեկ մարդուն բաժին ընկնող զենքերի թվով: Դրանցից շատերը մնացել են 1990-ականների պատերազմներից և անօրինական են:
Մայիսի 3-ին 13-ամյա մի դեռահաս իր հոր ատրճանակով հրաձգություն էր սկսել Բելգրադի դպրոցներից մեկում՝ սպանելով համադասարանցիներին: Դրա հաջորդ օրը 20-ամյա մի երիտասարդ Բելգրադից հարավ գտնվող գյուղական համայնքում ավտոմատ զենքից կրակ էր բացել անցորդների ուղղությամբ: Երկու զանգվածային հրաձգությունների հետևանքով 17 մարդ է մահացել, մեծ մասը՝ երեխաներ, 21 մարդ վիրավորվել է: