Գարշելի և հանցավոր հայտարարություն էր. ժողովուրդը չպետք է դառնա ոչխար, դրա վերջը խորովածն է. Դավիթ Բաբայանը՝ Բրյուսելի հանդիպման մասին
Բրյուսելում երեկ կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի՝ 29800 ք կմ և Ադրբեջանի՝ 86600 ք կմ համապատասխան տարածքային ամբողջականությանը:
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ դա զզվելի, գարշելի և հանցավոր հայտարարություն է։
«Ուրիշ ոչ մի ձև ես այն չեմ կարողանում բնութագրել: Շառլ Միշելը հավասարվեց Չեմբեռլենի հետ՝ 1938 թվականի այդ խայտառակ մյունխենյան դավադրության ցայտուն ներկայացուցիչներից մեկի: Շառլ Միշելը Եվրոպան հավասարեցրեց 1938 թվականի Եվրոպայի և նացիստական Գերմանիային: Քանի որ սրանով փաստորեն արդարացվեց Ադրբեջանի 2020 թվականի ագրեսիան, արդարացվեց այսպես կոչված ադրբեջանցի էկոակտիվիստների կողմից հսկիչ կետի տեղադրումը ու քայլերը՝ ուղղված հայ ժողովրդի ու Արցախի դեմ: Ավելին՝ Եվրոպան հանցակից դարձավ Ադրբեջանին: Ես չեմ ուզում մտածել, թե արդյոք 2020 թվականին նրանք էլ էին ուզում, որ պատերազմ լինի, արդյոք ուզո՞ւմ էին այդ հսկիչ կետը դրվի, որ գցեն ռուսների վրա, չնայած մենք հարցեր ունենք բոլորին, այդ թվում և Ռուսաստանին», - ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ ստացվեց այնպես, որ Միշելն ու Եվրոպան թքեցին ժողովրդավարության վրա.
«Այլևս նրանցից որևէ մեկը իրավունք չունի նույնիսկ բարոյական առումով խոսել ժողովրդավարության մասին: Սա՞ է ձեր ժողովրդավարությունը, դուք սրանո՞վ եք մարդու իրավունքները պաշտպանում: Դուք պարզապես աշխարհաքաղաքական սպեկուլյանտներ եք, ուրիշ ոչ մի բան»:
Չնայած այս ամենին, Դավիթ Բաբայանը նշեց, որ պետք է հստակ աշխատանք տարվի.
«Պետք է նաև շնորհակալություն հայտնենք նույն Միշելին՝ ճշմարտությունը բացահայտելու համար: Մնացել է մի քանի ստորակետ դրվի և ամեն ինչ պարզ կլինի: Ստորակետներից մեկը ԱՄՆ-ն է, որպեսզի չասենք հավաքական Արևմուտքն է թքում ժողովրդավարության վրա և նացիստական Գերմանիային և Չեմբեռլենին արդարացնում նորագույն պատմության ընթացքում, պետք է նաև Վաշինգտոնի կարծիքն իմանանք: Շատ կարևոր է, թե Հայաստանն ինչ է մտածում, ոչ թե Միշելը պետք է ասի, որ ճանաչել է, այլ Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, թե արդյոք ճանաչել է Ադրբեջանը 86600 ք կմ տարածքով: Իշխանությունը և ժողովուրդը պետք է հստակ իրենց դիրքորոշումն արտահայտեն: Միգուցե իշխանությունն ու ժողովուրդն ուզում են, որպեսզի Արցախը կործանվի: Ես չգիտեմ: Փաստերով պետք է խոսել, ոչ թե զգացմունքներով: Եթե այդպես եք մտածում, մենք պետք է իմանանք՝ որբ ենք: Հստակ պատասխաններ պետք է ստանա Արցախի ժողովուրդը Հայաստանից և սեփական իշխանությունից: Այս պահին վերլուծում ենք, մտածում ենք և սպասում պատասխանների: Ժողովուրդը չպետք է դառնա ոչխար, քանի որ ոչխարի վերջը խորովածն է: Կամ ստատուս քվոի պահպանում պետք է լինի, կամ պայքար, կամ պետք է ազգովի դուրս գանք գնանք, կամ էլ պետք է լինենք Ադրբեջանի կազմում: Վերջինը բացառված է: Պետք է ազգովի կողմնորոշվենք: Սա հայ ժողովրդի ինքնորոշման պահն է»: