Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի
Թուրքիայի նախագահի և խորհրդարանի ընտրությունների գործընթացը կիրակի օրը տեղի է ունենում առանց որևէ խնդրի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ես առավոտից հետևում եմ գործընթացին, ներքին գործերի նախարարն ինձ տեղեկացրել է, որ այս պահին քվեարկությունն ընթանում է առանց որևէ խնդրի և միջադեպի»,- Ստամբուլի Ուսքյուդար շրջանի ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասել Է Էրդողանը:
Էրդողանը Ստամբուլի ասիական հատվածում գտնվող ընտրատեղամաս է ժամանել ժամը մոտ 11։40-ին (Երևանի ժամանակով 12։40-ին)՝ կնոջ ուղեկցությամբ։«Ստամբուլում»,- պատասխանել է Թուրքիայի նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որտեղ է պատրաստվում հետևել ընտրություններին:
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են անցկացվում մայիսի 14-ին: «Հանրապետական դաշինք»-ի միասնական թեկնածու Էրդողանի հիմնական ընդդիմախոսը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է: Ընտրություններին մասնակցում է նաև Ata դաշինքի թեկնածու Սինան Օղանը։ Չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին: Եթե նախահգահի ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50%-ը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին: