Իրանի ԱԳՆ-ն կանչել է Իրաքի դեսպանին
Իրանի արտգործնախարարությունը շաբաթ կանչել է Թեհրանում Իրաքի դեսպանին՝ կապված իրաքյան Քուրդիստանում ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերի շարունակման հետ, տեղեկացրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Իրաքի դեսպանը ԻԻՀ արտգործնախարարություն է կանչվել այն բանից հետո, երբ անջատողական խմբավորումների անդամները ևս հրավիրված են եղել իրաքյան Քուրդիստանում պաշտոնական արարողությանը, Fars լրատվական գործակալությանն է հայտնել Քանանին։
Ըստ Քանանիի, դատապարտելով վերոհիշյալ գործողությունը, իրանական կողմը իրադարձությունը համարել է հակասող Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի միջև վերջերս կնքված անվտանգության համաձայնագրին։
Իրանը նաև կոչ է արել կատարել համաձայնագրի դրույթները և պայքարել երկու երկրների անվտանգությունը խաթարող գործոնների դեմ, ավելացրել է նա։
Քանանին նշել է նաև, որ Իրաքի դեսպանը հավաստիացրել է, որ ԻԻՀ բողոքը կներկայացնի իրաքյան կառավարությանը, հաղորդում է Mehr-ը։