Քըլըչդարօղլուն թուրք ժողովրդին կոչ է արել ճիշտ ընտրություն կատարել
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Fox հեռուստաընկերության եթերից դիմել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Ուզում եմ ասել Էրդողանին, որ մենք գնում ենք ընտրությունների, ոչ թե պատերազմի։ Ընտրություններում միակ հաղթողը պետք է լինի Թուրքիան: Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը կատարում են իրենց պարտականությունները հանուն ժողովրդավարության։ Մենք բոլորս մի երկրում ենք ապրում»,- ասել է թուրքական ընդդիմության առաջնորդը:
Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն մեկ փուլով: Քըլըչդարօղլուն թուրք ժողովրդին կոչ է արել ճիշտ ընտրություն կատարել: «Սրանք սովորական ընտրություններ չեն. վաղը կա՛մ ժողովրդավարություն ենք ընտրելու, կա՛մ այն պատմության աղբանոցն ենք նետելու»,- ասել է քաղաքական գործիչը։
Քըլըչդարօղլուի հարցազրույցը տևել է 1.5 ժամ: Այնուհետև հաղորդավարը հայտարարել է, որ այն կշարունակվի գովազդային ընդմիջումից հետո, սակայն հարցազրույցն այևս չի հեռարձակվել: Պատճառները չեն նշվում: