Ավտոմեքենան բախվել է Էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են
Ավտոմեքենան բախվել է Էլեկտրական սյանը․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Մայիսի 11-ին, ժամը 21։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աբովյան-Արզնիի խճուղի 4-րդ կմ-ին «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե էլեկտրական սյանը, այնուհետև տներից մեկի պարսպին, ինչի հետևանքով էլեկտրական սյունը կոտրվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից Վ․ Ա․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր, Ա․ Հ․-ն՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, իսկ Ա․ Օ․-ն՝ Աբովյան քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ։