Իսրայելի Ռեհովոտ քաղաքում շենքի ուղիղ հրթիռակոծությունը տեղի է ունեցել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի անսարքության պատճառով. ԻՊԲ
«Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը մայիսի 11-ի երեկոյան տեխնիկական անսարքություն է ունեցել: Դա թույլ է տվել, որ Գազայից արձակված հրթիռն ուղիղ հարված հասցնի Ռեհովոտ քաղաքում բազմաբնակարան շենքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակի հայտարարությունը:
Շենքի հրթիռակոծության հետևանքով 1 մարդ էր զոհվել, ևս 8 մարդ՝ վիրավորվել:
«Մինչ հակաօդային պաշտպանության համակարգը կրակում էր ըստ նախատեսվածի, այն չկարողացավ որսալ «Իսլամական ջիհադի» հրթիռը, որն ուղղակիորեն խոցել էր Ռեհովոտի բնակելի շենքը», - հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին:
Հագարին հավելել է, որ Գազայի կողմից արձակված հրթիռն ընկել է շենքի վրա «բարդ անկյան տակ»՝ զոհի և վիրավորների պատճառ դառնալով։ Շենքի բնակիչը մահացել է փլատակներում մնալու պատճառով: Վիրավորները թեթև վնասվածքներ են ստացել. նրանց բուժօգնություն է ցուցաբերվել տեղում:
Գազայի հատվածից հրթիռակոծությունների պատճառով ուղիղ հարվածի է ենթարկվել նաև 2 տուն Սդերոտ քաղաքում: Դրանից մեկ ժամ անց ևս մեկ տուն է հրթիռակոծվել: Վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Jerusalem Post-ը նշում է, որ մայիսի 9-ին «Վահան և նետ» գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի վրա է արձակվել 860 հրթիռ:
Հաղորդվում է, որ «Երկաթե գմբեթ» համակարգի տեխնիկական անսարքության պատճառով անցյալ շաբաթ Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներից մի քանիսը կարողացել էին ներթափանցել Իսրայելի տարածք: ԻՊԲ-ն հայտարարել էր, որ հրթիռային պաշտպանության ստորաբաժանումն արագ հայտնաբերել է տեխնիկական խնդիրը և լուծել այն՝ վերականգնելով համակարգի լիակատար արդյունավետությունը: