Երևանը կմիանա One Run միջազգային կիսամարաթոնին
Հունիսի 4-ին Երևանում և ևս 5 երկրի 84 քաղաքում միաժամանակ կանցկացվի One Run միջազգային կիսամարաթոնը՝ 4 վազքատարածություններով (21,1 կմ, 10 կմ, 5 կմ և 1 կմ):
Հայաստանն առաջին անգամ է միացել այս նախաձեռնությանը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառման նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Վահագն Դավթյանը, One Run միջազգային կիսամարաթոնի ղեկավար Նազարի Կոլոմիեցը, ներկայացուցիչներ ՀՀ առողջապահության նախարարությունից, Ոստիկանությունից և «Արմ Մարաթոն» հիմնադրամից:
Միջազգային One Run կիսամարաթոնը վազքի յուրահատուկ միջոցառում է, որը մեկ օրվա ընթացքում միավորելու է տարբեր երկրների շուրջ 150 հազար վազորդների: Այս տարի կիսամարաթոնն անցկացվելու է Ռուսաստանի, Հայաստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի շուրջ 85 քաղաքում:
6-12 տարեկան մասնակիցները՝ իրենց ծնողների ուղեկցությամբ, կհաղթահարեն 1 կմ, 16 տարեկան և բարձր սիրողական մարզիկները` 5 կմ, իսկ 18 տարեկանից բարձր մարզիկները՝ 10 կմ վազքատարածությունը: Բոլոր այն մասնակիցները, որոնք կցանկանան հաղթահարել կիսամարաթոնը, կվազեն 21,1 կմ: Մասնակիցները կստանան մեդալներ, շապիկներ, վկայականներ և նվերներ գործընկերներից:
Երևանյան կիսամարաթոնն անցկացվելու է քաղաքի կենտրոնական փողոցներում. նախատեսվում է, որ այն կունենա շուրջ 1000 մասնակից: Հայտերի ընդունման և կիսամարաթոնի երթուղու մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակն առողջ ապրելակերպի խթանումն ու վազքի մասսայականացումն է բնակչության շրջանում:
One Run կիսամարաթոնը 7 տարի շարունակ անցկացվել է միայն Ռուսաստանում և երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաժամանակյա մեկնարկով ամենախոշոր կիսամարաթոն: