Բորելը Թայվանը և Ուկրաինայի հակամարտությունը համարել է ԵՄ-ի և Չինաստանի անվտանգության գլխավոր խնդիրները
Եվրամիությունը Չինաստանի հետ հարաբերություններում ռազմավարական անվտանգության իր գլխավոր խնդիրներն է համարում Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը և Ուկրաինայի հակամարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Միության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
«Չինաստանի հետ մենք ունենք արժեքների խնդիր, տարբեր են մեր համակարգերը, մենք բազմակուսակցական ժողովրդավարություն ենք, նրանք՝ միակուսակցական պետություն: Տնտեսական խնդիրները՝ մենք ազատ շուկա ենք, իսկ Չինաստանի տնտեսությունն ավելի ու ավելի ակտիվորեն է կառավարվում պետության կողմից։ Ինչ վերաբերում է ռազմավարական անվտանգության խնդիրներին, ապա դրանք երկուսն են՝ Թայվանը և Ուկրաինայի հակամարտությունը», - Բորելի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:
Պաշտոնյան ընդգծել է, որ ԵՄ-ն հանդես է գալիս Թայվանի նեղուցով խաղաղ նավագնացության օգտին: