Հայ կինոռեժիսորի՝ Ցեղասպանության մասին ֆիլմը մրցանակների է արժանացել Թուրքիայում անցկացվող կինոփառատոնում
Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը «Ֆիլմի լավագույն երաժշտություն» (Արտաշես Քարթալյան) և «Ֆիլմի լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) մրցանակներին է արժանացել Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմում ներկայացված են հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանության ականատեսների վկայագրությունների և հուշագրությունների փաստագրություններ:
Ֆիլմը նաև այլ թուրքական կինոփառատոնների մրցութային ծրագրերում է ընդգրկվել, սակայն արդյունքները դեռ չեն հրապարակվել:
«Ամերիկացի բարի սամարացիները» ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսիոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ:
Ֆիլմի սցենարիստն Ամբեր Կարլինսն է (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորն Աշոտ Մկրտչյանն է, իսկ արտադրողը՝ «Ման փիքչերս փրոդաքշեն» ընկերությունը: