Գրիգոր Մինասյանը մասնակցել է «Ինքնիշխանությունը իրավունքում» խորագրով ֆորումին
Նախարար Գրիգոր Մինասյանը մասնակցել է Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումին։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ելույթով է հանդես եկել Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակից արդարադատության նախարարների բաց հանդիպումը։
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին՝ Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու համար, ինչպես նաև ընդգծել՝ Ֆորումի և արդարադատության նախարարների հանդիպման ընթացքում պետությունների արդարադատության ոլորտի գերատեսչությունների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Նախարարն ընդգծել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ 2022 թվականից գործարկվել է Հակակոռուպցիոն դատարանը, ներկայացրել է դատարանի գործունեության տեսլականը, առաքելությունը, ինչպես նաև իրավասության շրջանակը:
Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից գործելու է նաև առանձնացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։
Դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումների համատեսքստում նախարարը նշել է, որ ՀՀ-ն գործուն քայլեր է ձեռնարկել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում ամբողջական ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ և այս համատեքստում ընդգծել, որ ներկայումս հարկադիր կատարման ծառայությունում փաստաթղթաշրջանառության գործընթացներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով։
Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի բարեփոխումներին և ներկայացրել է էլեկտրոնային պրոբացիայի (e-probation) կառավարման հարթակի առանձնահատկությունները, որի նպատակն է փաստաթղթաշրջանառության կրճատումը, Պրոբացիայի ծառայության թափանցիկ և հաշվետու գործելաոճի ապահովումը և այլն:
Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավական ֆորումը կրում է «Ինքնիշխանությունը իրավունքում» խորագիրը և միջոցառմանը մասնակցել են շուրջ 46 երկրների նախարարներ»,- նշվում է հաղորդագրության մեջ: