ԱՄՆ-ում միգրանտների ռեկորդային հոսք է սկսվել համավարակի հետ կապված սահմանափակումների չեղարկումից հետո
Լատինական Ամերիկայի երկրներից ռեկորդային թվով միգրանտներ են փորձել հատել ԱՄՆ-ի սահմանը մայիսի 11-ին արտակարգ դրության ռեժիմի գործողության ավարտի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտնել է The Washington Post թերթը։
Պարբերականի տվյալներով՝ այս շաբաթ սահմանի ապօրինի հատումների թիվը գերազանցել է օրական 10 հազարը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ներգաղթյալների նման հոսքը կապված է արտակարգ դրության ռեժիմի ավարտի հետ, որը սահմանել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կորոնավիրուսի համավարակի ժամանակ։
Crowds of people are gathering along the U.S.-Mexican border as Title 42, which has allowed border agents to remove migrants on public health grounds during the pandemic, lifts at midnight. https://t.co/fetM4leq6d pic.twitter.com/b7fLUUkDsy
— The New York Times (@nytimes) May 11, 2023
Մեքսիկայի Սիուդադ Խուարես քաղաքում ապաստանի տնօրենը հայտնել է, որ բազմաթիվ միգրանտների թվում է, թե համավարակով պայմանավորված արտակարգ ռեժիմի չեղարկումը նշանակում է, որ սահմանը կբացվի, և նրանք անարգել կարող են հատել այն, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Ըստ The Washington Post-ի տրամադրության տակ հայտնված տվյալների՝ այս շաբաթ սահմանի երկայնքով տեղակայված հաստատություններում 25 հազարից ավելի ներգաղթյալ է եղել, ինչը նախատեսվածից 3 անգամ ավելի է: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակարգի պաշտոնյաները հայտարարել են, որ կավելացնեն արտաքսումների թիվը և նոր սահմանափակումներ կկիրառեն այն ապաստան հայցողների նկատմամբ, որոնք սահմանը հատում են անօրինական կերպով: Նրանց, ովքեր չեն կարող ապացուցել ապաստանի իրենց իրավունքը, սպառնում է անհապաղ արտաքսում Միացյալ Նահանգներից Մեքսիկա կամ իրենց հայրենիք, ինչպես նաև ԱՄՆ մուտքի արգելք հինգ տարի ժամկետով: Բայդենի վարչակազմը դիմել է այդ քայլին, քանի որ զգուշանում է հարավային սահմանով երկիր ժամանողների թվի անվերահսկելի աճից: