ԵՄ-ն պատրաստ է Չինաստանի հետ փոխգործակցել ուկրաինական հակամարտության հարցում. Բորել
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է «լրջորեն փոխգործակցել» Չինաստանի հետ՝ Ուկրաինայի հարցում «լուծում գտնելու համար»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իր տնօրինության տակ հայտնված նամակը՝ հասցեագրված ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներին։
Հրատարակության տվյալներով՝ իր նամակում Բորելն «ընդգծել է ուկրաինական հակամարտության հարցում Պեկինի հետ լրջորեն փոխգործակցելու ԵՄ-ի պատրաստակամությունը, չնայած նրա աջակցությանը Մոսկվային»։
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն «ողջունում է Չինաստանի կողմից բոլոր անկեղծ դրական քայլերը, որոնք ուղղված են լուծում գտնելուն»:
Բացի այդ, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Բրյուսելը պետք է հաշվի առնի Չինաստանի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող երկրների հետ գործ ունենալիս, և չպետք է ակնկալիքներ ունենալ, որ այդ երկրները «կբռնեն այս կամ այն կողմը»:
«ԵՄ-ն պետք է գիտակցի, որ շատ երկրներ Չինաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը դիտարկում են որպես Արևմուտքի և, հետևաբար, Եվրոպայի հակակշիռ: Նրանք կձգտեն մեծացնել մանևրելու իրենց տարածությունը՝ առանց կողմեր ընտրելու», - գրել է նա:
Նամակում նաև նշվում է, որ Չինաստանը կփորձի «քաղաքական օգուտներ քաղել» Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունից, և որ Բրյուսելը պետք է արձագանքի Պեկինի գլոբալ նկրտումներին:
«Չինաստանի հարցը շատ ավելի բարդ է, քան Ռուսաստանի հարցը: Չինաստանի ակնհայտ նկրտումն է կառուցել նոր աշխարհակարգ, որի կենտրոնում կլինի Չինաստանը: Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը չի փոխի Չինաստանի ուղեգիծը: Չինաստանին կհաջողվի դրանից աշխարհաքաղաքական օգուտ քաղել», - գրել է Բորելը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ մայիսի 12-ին մեկնարկող քննարկումների նախաշեմին:
Չինաստանի իշխանությունները փետրվարին առաջարկել էին իրենց խաղաղության ծրագիրը։ Այն ներառում է 12 կետ, այդ թվում՝ հրադադարի կոչեր, անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական շահերի հարգում, Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի կարգավորում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ չինական խաղաղության ծրագրի շատ կետեր կարելի է հիմք ընդունել կարգավորման համար, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքում և Կիևում։