Վաշինգտոնը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում հետ քաշել զորքերը սահմանի երկայնքով
ԱՄՆ պետդեպարտամենտն անդրադարձել է Սոթքի հատվածում Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային՝ նշելով, որ նման բախումները խաթարում են այն առաջընթացը, որին Հայաստանն ու Ադրբեջանը հասել են արժանապատիվ խաղաղության հասնելու ուղղությամբ։
«Նման բախումները, մեր համոզմամբ, խաթարում են այն առաջընթացը, որին Հայաստանը և Ադրբեջանը հասել են տևական և արժանապատիվ խաղաղություն ձեռք բերելու ուղղությամբ: Երկու երկրների ղեկավարներին կոչ ենք անում, որ մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպման ժամանակ կողմերը համաձայնեն սահմանի երկայնքով հետ քաշել իրենց ուժերը, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի կողմից, երբ նրանք մայիսի սկզբին մասնակցում էին բանակցությունների այստեղ՝ Վաշինգտոնում», - մայիսի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Պատելը:
Դիվանագետը նաև նշել է, որ ԱՄՆ-ն շատ դրական քայլ է համարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը, որի ընթացքում երկու երկրները հնարավորություն ունեին քննարկել շատ կարևոր հարցեր:
«Մենք վստահ ենք, որ այս ամենն ունի խաղաղ լուծում: Հենց այդ պատճառով է, որ սկսած պետքարտուղարից մինչև այլ պաշտոնյաներ, մենք շարունակել ենք խորապես ներգրավված լինել այս հարցում», - ասել է Պատելը՝ հրաժարվելով կանխատեսումներ անել մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նախատեսված հանդիպման վերաբերյալ:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած բանակցություններն արդյունավետ էին և հիմք են դրել Բրյուսելում բանակցությունների շարունակության համար: