Դեֆոլտը կարող է խաթարել ԱՄՆ-ի համաշխարհային տնտեսական առաջատարությունը. ԱՄՆ ֆինանսների նախարար
Պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ում դեֆոլտի առաջացումը կարող է խաթարել Վաշինգտոնի տնտեսական առաջատարությունը միջազգային ասպարեզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին մայիսի 10-ին Նիգատա քաղաքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը: Նա Ճապոնիա է ժամանել Մեծ յոթնյակի երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպման համար։
«Դեֆոլտը կստեղծի ԱՄՆ-ի համաշխարհային տնտեսական առաջատարության խաթարման վտանգ: Դա նաև կասկածի տակ կդնի ազգային անվտանգության շահերը պաշտպանելու մեր ունակությունը», - մեջբերում է նրա խոսքերը ТАСС գործակալությունը:
Բացի դրանից, Յելենն «աղետալի» է անվանել դեֆոլտի առաջացման սցենարը՝ մասնավորապես նշելով, որ դրա հետևանքով միլիոնավոր ամերիկացիներ կարող են կորցնել աշխատանքը և մնալ առանց պետության խոստացած ֆինանսական աջակցության։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջին ժամանակներս Կոնգրեսին կոչ է անում բարձրացնել պետական պարտքի վերին շեմը, որն օրենսդրորեն սահմանված է 31,4 տրիլիոն դոլարի մակարդակում։ Հանրապետական կուսակցությունը, որը վերահսկում է Ներկայացուցիչների պալատը, համաձայնել է բարձրացնել պարտքի վերին շեմը, սակայն դրա դիմաց պահանջում է կրճատել պետական ծախսերը:
Դեֆոլտից խուսափելու համար հունվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն սկսել է արտակարգ միջոցներ ձեռնարկել փոխառությունների սահմանաչափին հասնելու պատճառով։ Խոսքը գնում է բյուջետային ծախսերի մի շարք այնպիսի կատեգորիաներից հրաժարվելու մասին, որոնք կարելի է հետաձգել ավելի ուշ ժամկետի։
Պետական պարտքի վերին շեմն առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվել է 1917 թվականին: Դա ֆինանսների նախարարությանը թույլ չի տալիս կառավարության գործունեության ֆինանսավորման համար թողարկել նոր պետական պարտատոմսեր՝ երկրի պարտքի որոշակի մակարդակի հասնելուց կամ որոշակի ժամկետի ավարտից հետո: