Դմիտրի Գունկոն թեժ պայքար է ակնկալում Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրերում
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրերի ընթացքում թեժ պայքար է ակնկալում:
«Մենք առաջնության վերջին հանդիպումներին նախապատրաստվում ենք ամեն օր: Հասկանում ենք, որ առաջնության վերջնամասը թեժ է լինելու: Թիմն ամբողջությամբ մարտական է տրամադրված` պատրաստ հաղթելու առաջիկա հանդիպումները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գունկոն:
Անդրադառնալով Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչին, որտեղ «Ուրարտու»-ն կմրցի Գյումրիի «Շիրակ»-ի հետ, մասնագետն ընդգծեց, որ «Շիրակ»-ի խաղին լավ ծանոթ են։
«Լուրջ ենք մոտենում գավաթի խաղարկության եզրափակիչին: «Շիրակ»-ի հետ 4 հանդիպում ենք անցկացրել այս մրցաշրջանում: Բայց գավաթային խաղերն այլ են, որտեղ ամեն ինչ մեկ խաղով է որոշվելու»,-ասաց նա:
Հայաստանի գավաթի խաղարկությունը կկայանա մայիսի 13-ին` Հանրապետական մարզադաշտում:
Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն «Ուրարտու»-ն է, որն ունի 73 միավոր: Երկրորդը 70 միավորով «Փյունիկ»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիա»-ն, որն հավաքել է 66 միավոր: