ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի 2 քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը
Մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։
«Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։
Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը»,- ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որն էլ կասկածվում էր ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ։
Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։