«86 հազար դոլարանոց կլաչը» նվիրում եմ Վահագն Ալեքսանյանի մորը, որ այդպիսի տղա է դաստիարակել․ Ռուզաննա Խաչատրյան․ Armlur.am
Սեյրան Օհանյանը երբևիցե Վահագնի թաղամասի տվյալ հասցեում չի բնակվել, չի բնակվում և չի բնակվելու: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանը՝ անդրադառնալով ամուսնու նկատմամբ հարուցված քրեական գործին։
Նա ասաց, որ Վահագնի թաղամասի տունը, որը վերագրվում է Օհանյանին, Ժակ Ֆովո անունով անձն է կառուցել։
Խաչատրյանն ասաց, որ դատախազության ներկայացուցիչներին, բոլորին հրավիրում է սուրճ խմելու կամ հաց ուտելու, որ տեսնեն՝ «այդ հասցեում բնակվում ենք, թե չէ»:
Նա նաև անդրադարձավ 98 հազար դոլարանոց ձեռքի պայուսակ (կլաչ) ունենալու մասին լուրերին՝ հերքելով այն։
Խաչատրյանը մասնավորապես անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին․ «Սույն պարոնը հայտարարում է, որ ես ունեմ 98 հազար դոլարանոց կլաչ, բայց ես միշ մեջ պայուսակ եմ կրում։ Քաղաքական ամբիոնն իբրև իր բամբասանքների ակունք օգտագործելով, ասել է, որ Սեյրան Օհանյանի կինը 98 հազար դոլարանոց պայուսակ ունի»։
Նա նշեց, որ այդպիսի թանկարժեք պայուսակները համարակալված են, ու Վահագն Ալեքսանյանն ինչ ինֆորմացիայի տիրապետում է, թող նշի՝ որ քաղաքից, երբ, որ թվականին և որտեղից է ձեռք բերել Ռուզաննա Խաչատրյանը։
Խաչատրյանն ասաց, որ իր չունեցած 86 հազար դոլարանոց «կլաչը նվիրում եմ Վահագն Ալեքսանյանի մորը, որ այդպիսի տղա է դաստիարակել»։
«Որովհետև Սեյրան Օհանյանն է քաղաքականության մեջ։ Եթե բան ունեն ասելու, թող Սեյրան Օհանյանին ասեն։ Տրադիցիա է դարձել էդ անձնակազմի մոտ, անընդհատ, պարբերաբար անդրադառնում են ինձ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: