Եվրախորհրդարանը Սերբիայից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ԵՄ-ին անդամակցելու համար
Եվրախորհրդարանի անդամներն ընդունել են Եվրամիության և Սերբիայի հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որում հայտարարել են, որ անհնարին են համարում ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ բանակցությունները շարունակելը, քանի դեռ այն չի միացել Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներին: Փաստաթուղթը հրապարակվել է չորեքշաբթի՝ Եվրախորհրդարանի կայքում։
«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ Սերբիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները պետք է առաջ ընթանան միայն այն դեպքում, եթե երկիրը միանա Ռուսաստանի դեմ կառույցի պատժամիջոցներին և զգալի առաջընթաց գրանցի ԵՄ-ի հետ կապված բարեփոխումներում։ Մենք Սերբիային կոչ ենք անում ապահովել Եվրամիության ընդունած պատժամիջոցների արդյունավետ կիրառումը Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ՝ հակազդելով դրանք շրջանցելու ցանկացած փորձի»,- նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորներին զայրացրել է այն փաստը, որ վերջին մեկ տարվա ընթացքում Սերբիայում սրվել են հակաեվրոպական տրամադրությունները, ինչպես նաև «ռուսամետ հռետորաբանություն է տարածվում ԶԼՄ-ների միջոցով»: Նրանք հիշեցնում են, որ ԵՄ-ն «Սերբիայի գլխավոր քաղաքական և տնտեսական գործընկերն է», ինչպես նաև միջոցների «ամենամեծ դոնորը»։ Նրանք կոչ են անում «հրաժարվել ռուսամետ նյութերից ԶԼՄ-ների ողջ տիրույթում՝ հանուն ԵՄ-ին ինտեգրվելու Սերբիայի մեծ ձգտման, նաև հնարավոր են համարում Բելգրադին ԵՄ դրամաշնորհներ հատկացնելու որոշումների վերանայումը, եթե շարունակվի աջակցությունը հակաժողովրդավարական քաղաքականությանը»։