Բրիտանիայում ծնվել են 3 մարդու ԴՆԹ ունեցող առաջին երեխաները
Բրիտանիայում ծնվել են առաջին երեխաները, որոնք ունեն 3 մարդու ԴՆԹ: Նման փորձարարական մեթոդի օգտագործման նպատակն է կանխել երեխաների կողմից ծնողների գենետիկական հիվանդությունների ժառանգումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Բրիտանիայում համապատասխան ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ նման ճանապարհով ծնվել է 5-ից ավելի քիչ երեխա, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել:
2015 թ.-ին Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որտեղ օրենք է ընդունվել, որով թույլատրվում է կիրառել մեթոդներ՝ կանխելու թերի միտոքոնդրիայով կանանցից այդ հիվանդության փոխանցումն իրենց երեխաներին:
Թերի միտոքոնդրիա ունեցող կանանց դեպքում գիտնականները գենետիկ նյութ են վերցնում նրա ձվաբջջից կամ սաղմից, որն այնուհետև տեղափոխվում է դոնորի ձվաբջջի կամ սաղմի մեջ, որն ունի առողջ միտոքոնդրիա, սակայն դրա հիմնական ԴՆԹ-ն հեռացված է: Բեղմնավորված սաղմն այնուհետև տեղափոխվում է մոր արգանդ: Դոնորի ձվաբջջի գենետիկ նյութը կազմում է այս տեխնիկայով ստեղծված երեխայի 1 %-ից պակասը:
The Guardian-ը նշում է, որ այս տեխնիկայի օգտագործման դեպքում ԴՆԹ-ի 99,8 %-ը գալիս է երեխայի մորից և հորից, մնացածը՝ մոտ 37 գեն, դոնորից: