Սիրիայի նախագահը 12 տարվա մեջ առաջին անգամ հրավիրվել է մասնակցելու Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հրավեր է ստացել Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին մասնակցելու համար: Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր սա Ասադի առաջին հրավերն է լիգայի գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին:
Գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Սիրիայի նախագահին է ուղարկել Սաուդյան Արաբիայի թագավորը՝ Հորդանանում Սաուդյան Արաբիայի դեսպանի միջոցով:
Կազմակերպությունը կասեցրել էր Դամասկոսի անդամակցությունը լիգային 2011 թ.-ին՝ երկրում ցույցերը ճնշելու պատճառով, ինչը վերածվեց պատերազմի, որի հետևանքով ավելի քան 500 հազար մարդ սպանվեց, միլիոնավոր մարդիկ տեղահանվեցին, երկրի տնտեսությունը մեծ վնասներ կրեց:
Օրերս Արաբական պետությունների լիգան դարձյալ հետ ընդունեց Սիրիայի կառավարությանը:
Վերջին անգամ Ասադը Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին է մասնակցել 2010 թ.-ին, Լիբիայում:
Ավելի վաղ Էր Ռիադը և Դամասկոսը հայտարարել էին, որ ավելի քան մեկ տասնամյակի հարաբերությունների խզումից հետո իրենց աշխատանքը կվերսկսեն Սիրիայում և Սաուդյան Արաբիայում երկու երկրների դիվանագիտական առաքելությունները:
Ապրիլին Դամասկոս էր այցելել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը:
France 24-ը հիշեցնում է, որ Բրիտանիան և ԱՄՆ-ն մայիսի 9-ին հայտարարել էին, որ դեմ են Ասադի հետ հարաբերություններին, սակայն կշարունակեն համագործակցել արաբական պետությունների հետ, որոնք վերականգնում են Սիրիայի հետ հարաբերությունները: