Կասեցվել է դեղորայքի մատակարարումը Արցախ, դադարեցվել են պլանային վիրահատությունները
Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
«Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:
Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում:
Ներկա դրությամբ կասեցվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք, բայց հուսանք այն շուտով կվերսկսվի:
Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ: Այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում և հույս ունենք, որ կարճ ժամկետում Կարմիր խաչի անխափան տեղաշարժը կվերականգնվի», - նշված է հաղորդագրությունում։