Ռուսաստանը չեղարկել է այցագրային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը վերացնելու վերաբերյալ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը սահմանել է 2000 թվականին: Սակայն Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստան մեկնելու համար այցագրեր հարկավոր չեն. Վրաստանն այցագրային ռեժիմը միակողմանի կարգով վերացրել է 2012 թվականի սկզբին։
Հրամանագրի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան մուտք գործել և մեկնել Ռուսաստանից առանց այցագրերի ձևակերպման, իրենց ինքնությունը հաստատող վավերական փաստաթղթերի հիման վրա (Վրաստանի քաղաքացու անձնագիր, դիվանագիտական անձնագիր, ծառայողական անձնագիր, նավաստու գրքույկներ, ուղևորության փաստաթուղթ՝ Վրաստան վերադառնալու համար):
Պուտինի հրամանագրի համաձայն՝ բացառություն են հանդիսանում այն քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ 90 օրից ավելի ժամկետով բնակվելու, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով։
Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Վրացական կողմը խզել է դրանք 2008 թ.-ի օգոստոսյան հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիա) անկախությունը։