Ի՞նչ կլինի, եթե քնելուց առաջ չհեռացնեք դիմահարդարումը. մասնագետի խորհուրդը
«Գեղեցիկն առաջին հերթին առողջ և խնամված մաշկ ունենալն է, դա է պատճառը, որ շատ կանայք և աղջիկներ այսօր առավել նախընտրում են խնամքի միջոցները, քան դեկորատիվ կոսմետիկան, ինչը շատ ուրախալի փաստ է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց կոսմետոլոգ Լարիսա Մինասյանը։
Մասնագետի հետ զրուցեցինք մաշկային այն խնդիրների և բարդությունների մասին, որոնք կառաջանան, եթե քնելուց առաջ դեմքից չմաքրվի շպարը և չտարվի գիշերային պատշաճ խնամք։
Կոսմետոլոգի խոսքով, այդպես վարվելը հանցագործություն է սեփական գեղեցկության դեմ։
«Գիշերը մենք հանգստանում ենք, բայց մեր մարմինն այդ պահին զբաղված է տարբեր գործընթացներով։ Ակտիվ են նաև ճարպագեղձերը։ Նրանց արտադրած ճարպը միախառնվում է դիմահարդարման մնացորդների և փոշու հետ: Ծակոտիները խցանվում են, ինչը թույլ չի տալիս մաշկին լիարժեք շնչել։ Արդյունքը կարող են լինել բշտերը, որոնք կարող են հայտնվել նույնիսկ մեկ գիշերվա ընթացքում»,- ասաց նա:
Մասնագետը նշեց, որ շպարը պարբերաբար չմաքրելը կարող է հանգեցնել նաև դեմքի անառողջ երանգի.
«Եթե ծակոտիները խցանված են հիմքով և դիմափոշով, ապա մաշկը ոչ միայն չի կարողանա շնչել, այլև չի թարմացվի։ Իրավիճակը սրում են ազատ ռադիկալները, որոնք օրվա ընթացքում կուտակվում են կոսմետիկայի մեջ և քայքայում կոլագենը։ Արդյունքը՝ գունատ դեմք և աչքերի տակ պարկեր, որոնք երկար սպասեցնել չեն տա»:
Այդ վատ սովորությունը կարող է հանգեցնել նաև կնճիռների առաջացման և վաղ ծերացման, քանի որ մաշկը մշտապես շերտազատվում է, այդ թվում՝ գիշերը, և դիմահարդարումը խանգարում է այս գործընթացին։
«Մաշկի կերատինացված շերտը կմնա մինչև առավոտ՝ թաղված կոսմետիկայի շերտի տակ։ Եթե դա տեղի ունենա կանոնավոր կերպով, ապա էպիդերմիսի էլաստիկությունը աստիճանաբար կկորչի, մաշկը արագ կծերանա, իսկ կնճիռները կհայտնվեն շատ ավելի վաղ, քան կարող էին»,-ասաց մասնագետը:
Կոսմետիկ խնդիրներից զատ, դիմահարդարումը չմաքրելը կարող է բերել նաև բորբոքման և տարբեր վարակների առաջացման։
Օտար մասնիկների և փոշու հետ խառնվելիս կոսմետիկ միջոցները գրգռում են մաշկը։ Բորբոքումը հայտնվում է կարմիր բծերի տեսքով։ Աչքերի հետ կապված իրավիճակն էլ ավելի վատ է ընթանում՝առաջացնելով կոնյուկտիվիտ, կարի և այլ վարակներ։
Եվս մի քանի պատճառ՝ լվացվելու և անհրաժեշտ խնամք ապահովելու համար.
Սևաներկը թարթիչները դարձնում է ավելի փխրուն, ինչը մենք առանձնապես չենք նկատում օրվա ընթացքում, բայց գիշերը դրանք շատ հեշտ են կոտրվում բարձի վրա կամ աչքերը ձեռքերով տրորելիս։ Արդյունքում ունենում ենք թափված և նոսր թարթիչներ։
Շրթներկերից շատերը չորացնում են շուրթերը, իսկ անջրանցիկները նաև սպառում են բնական պիգմենտը։ Գիշերը այս գործընթացը միայն կակտիվանա, իսկ առավոտյան շուրթերը կլինեն ճաքճքված և չոր։
Կոսմետոլոգ Լարիսա Մինասյանը նշեց նաև, որ այն մարդիկ, ովքեր դիմահարդարմամբ են մնում ավելի քան 12 ժամ, ապա նրանց մաշկը կարող է սկսել շատ ագրեսիվ արձագանքել դրան: Երբեմն դա հանգեցնում է ալերգիայի։ Տխուր դեպքերում մաշկը կարող է սկսել ընդհանրապես մերժել ցանկացած տեսակի կոսմետիկ միջոց։
Խորհուրդներ կոսմետոլոգից՝ իրավիճակը շտկելու համար, եթե ամեն դեպքում քնել եք դիմահարդարմամբ.
Դիմահարդարմամբ արթնանալիս անհրաժեշտ է լվալ դեմքը գոլորշի պարունակող տաք ջրով։ Օրվա ընթացքում կրել սնուցող դիմակներ և քանի բաժակ ջուր խմել։
Օգտագործել դիմահարդարումը մաքրող որակյալ միջոց, որը մեկ քայլով հեշտությամբ հեռացնում է բոլոր հետքերը:
Եթե ձեռքի տակ չկան մաքրող միջոցներ, մեկ անգամ կարելի է օգտագործել օճառ կամ ցնցուղի գել, ինչն ավելի լավ է, քան դիմահարդարմամբ քնելը:
Զրույցի վերջում կոսմետոլոգը խորհուրդ տվեց անկողնու կողքին պահել մաքրող միջոցների զամբյուղ, կամ հատուկ անձեռոցիկներ, որպեսզի հոգնած օրվանից հետո, առանց անկողնուց դուրս գալու, կարողանաք հեշտությամբ մաքրել դիմահարդարումը։