Բայդենը և ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդները համաձայնության չեն եկել պետական պարտքի վերին շեմի բարձրացման հարցում
Պետական պարտքի վերին շեմի բարձրացման խնդրի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդների հետ նախագահ Ջո Բայդենի հանդիպումն ավարտվել է առանց էական արդյունքների: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press գործակալությունից:
Նշվում է, որ Բայդենը բանակցություններից հետո կտրականապես դեմ է արտահայտվել դեֆոլտի գաղափարին։ Նա վստահություն է հայտնել, որ երկիրը կարող է խուսափել դեֆոլտից և հայտարարել է, որ Ամերիկայի պարտավորությունները ձախողելը «տարբերակ չէ»:
«Ես կոնգրեսի առաջնորդներին հայտնել եմ, որ պատրաստ եմ առանձին քննարկում սկսել իմ բյուջեի, ծախսերի գերակայությունների վերաբերյալ, սակայն ոչ դեֆոլտի սպառնալիքի տակ», - փոխանցում է Associated Press-ը Բայդենի խոսքերը:
ԱՄՆ սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելն իր հերթին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները դեֆոլտի չի գնում, երբեք չի հայտարարել իր պարտքերի դեֆոլտ և երբեք դա չի անի:
Դրա հետ մեկտեղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին ցավով նշել է, որ հանդիպման ընթացքում պարտքի սահմանաչափի շուրջ բանակցային դիրքերում «որևէ նոր շարժ» չի տեսել։
Հանրապետականը նշել է, որ այդպես էլ Բայդենից չի ստացել այն հարցի պատասխանը, թե բյուջեի ո՛ր հոդվածներում կարելի է գտնել խնայողության համար հնարավորություններ։
Կոնգրեսի առաջնորդները կշարունակեն բանավեճերը և ուրբաթ օրը կրկին կհանդիպեն ԱՄՆ նախագահի հետ:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն օրերս հայտարարել էր, որ պետական պարտքի վերին շեմը չբարձրացնելու դեպքում ԱՄՆ-ն կարող է սահմանադրական ճգնաժամի առաջ կանգնել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է բարձրացնել պետական պարտքի վերին շեմն՝ առանց նախապայմանների: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն անցյալ ամիս համաձայնել է պետական պարտքի 31.4 տրիլիոն դոլարի շեմը բարձրացնել 1.5 տրիլիոն դոլարով: Միևնույն ժամանակ Հանրապետականները պահանջում են առաջիկա տասնամյակի ընթացքում կրճատել պետական ծախսերը: Բայդենը և դեմոկրատները դեմ են այս պահանջին: