Բայդենը հնարավոր է համարել G7-ի գագաթնաժողովին իր բացակայությունը պետական պարտքի հետ կապված իրավիճակի պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել է, որ պետական պարտքի հետ կապված իրավիճակի պատճառով կարող է մնալ երկրում և չմասնակցել G7-ի գագաթնաժողովին, որը մայիսի 19-21-ն անցկացվելու է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բայդենը հայտարարել է հանրապետականների առաջնորդների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո:
Հարցին, թե կա արդյոք հավանականություն, որ G7-ի գագաթնաժողովին ուղևորությունը կհետաձգվի երկրի ներսում ֆինանսական խնդիրների պատճառով, Բայդենը հայտարարել է, որ ինքն առաջվա պես կողմնակից է Ճապոնիա մեկնելուն, սակայն պետական պարտքի և հնարավոր դեֆոլտի խնդիրը «ամենակարևորն է օրակարգում»։
Դրա հետ մեկտեղ, Բայդենի խոսքով՝ իր բացակայությունը G7-ի գագաթնաժողովին «հնարավոր է, բայց քիչ հավանական»։
Հիշեցնենք՝ պետական պարտքի վերին շեմի բարձրացման խնդրի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդների հետ նախագահ Ջո Բայդենի հանդիպումն ավարտվել է առանց էական արդյունքների: Բայդենը Կոնգրեսի առաջնորդների հետ դարձյալ կհանդիպի ուրբաթ օրը:
Իր հերթին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ավելի վաղ հայտարարել էր, որ պարտքի վերին շեմը պետք է բարձրացնել մինչև հունիսի սկիզբը, այլապես այդ ժամանակ դաշնային կառավարությունը կարող է այլևս գումար չունենալ իր հաշիվները վճարելու համար:
Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը համաձայնել է բարձրացնել պետական պարտքի վերին շեմը, սակայն միևնույն ժամանակ պահանջում է կրճատել պետական ծախսերը: Բայդենը և դեմոկրատները դեմ են այս պահանջին: