Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրողի հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ
Մանհեթենի դաշնային երդվյալ ատենակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել լրագրող, Elle ամսագրի սյունակագիր, գրող Էլիզաբեթ Ջին Քերոլին սեռական ոտնձգությունների ենթարկելու մեջ: Թրամփին պարտավորեցրել են Քերոլին վճարել 5 միլիոն դոլարի փոխհատուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը:
Քերոլը Թրամփին մեղադրել է 1996 թ.-ին Bergdof Goodman հանրախանութի հանդերձարանում իրեն բռնաբարելու, այնուհետև դա հերքելու միջոցով իրեն զրպարտելու մեջ: Թրամփը հերքել է բոլոր մեղադրանքները:
Երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգությունների մեջ, բայց ոչ բռնաբարության: Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան սա «տարօրինակ» է անվանել, քանի որ ի սկզբանե բռնաբարության մեղադրանք էր ներկայացվել:
ԱՄՆ նախկին նախագահը դատավճիռն անվանել է «խայտառակություն» և «վհուկների որս»:
Դոնալդ Թրամփն ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարել է 2024 թ.-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: CNN-ը նշում է, որ այս դատավճիռն իրավական որևէ ազդեցություն չունի ընտրություններին նրա թեկնածության առաջադրման վրա, քանի որ սա քաղաքացիական գործ էր: Թրամփն անցնում է նաև քրեական գործով. Մանհեթենի դատախազությունը նրան մեղադրում է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին կաշառք վճարելու մեջ, որպեսզի վերջինս չբարձրաձայնի իրենց արտաամուսնական կապի մասին: