Հարձակվել են մանկատան վրա. կա զոհ և վիրավորներ
Լեհաստանի Տոմիսլավիցե գյուղում (Լոձի վեևոդություն) մանկատան վրա հարձակման հետևանքով զոհվել է 16-ամյա աղջիկ, 9 մարդ վիրավորվել է: Չարագործը զինված է եղել դանակով: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Polish News պարբերականին:
«Ոստիկանության ունեցած նախնական տվյալներով՝ 19-ամյա երիտասարդը, որը հաստատության սան չէ, դանակով հարձակվել է ուսուցչի և մանկատան մյուս սաների վրա», - հայտնել է Լոձի ոստիկանության խոսնակ Անետա Սոբիերայը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 9-ին։ Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակվողին։ Վիրավորներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս 4 վիրավորները բուժօգնություն են ստացել տեղում: Կատարվում է հետաքննություն: