Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի մի շարք հարվածների․ սպանվել են «Իսլամական ջիհադի» երեք հրամանատարներ իրենց ընտանիքներով
Երեքշաբթի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի թիրախներին։ Արդյունքում սպանվել են «Իսլամական ջիհադ» խմբավորման 3 դաշտային հրամանատարներ։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ նրանց հետ մահացել է նրանց ընտանիքների եւս 10 անդամ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է BBC-ն։
Իսրայելը հայտարարել է, որ գործողություն է սկսել գրոհայինների դեմ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում իր քաղաքացիների և երկրի անվտանգության համար:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվածների թվում են 6 կին և 4 երեխա: Եվս 20 մարդ վիրավորվել է։
«Իսլամական ջիհադի» ռազմականացված թևը՝ «Ալ-Քուդս բրիգադներ» խմբավորումը, հայտարարել է իր երեք հրամանատարների՝ նրանց ընտանիքների հետ միասին մահվան մասին:
«Մենք սգում ենք մեր նահատակ առաջնորդներին՝ նրանց մոջահեդ կանանց ու երեխաների հետ միասին։ Եվ հայտարարում ենք, որ նահատակների արյունը կամրապնդի մեր վճռականությունը»,- ասվում է խմբավորման հայտարարության մեջ: «Մենք չենք լքի մեր դիրքերը, և դիմադրությունը կշարունակվի»։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է.«Ցանկացած ահաբեկիչ, որը վնաս հասցնի Իսրայելի քաղաքացիներին, կզղջա դրա համար»:
Ըստ իսրայելցի զինվորականների՝ ավիահարվածների թիրախները եղել են հենց «Իսլամական ջիհադի» հրամանատարները։
«Իսլամական ջիհադը» Գազայում ՀԱՄԱՍ-ից հետո ամենամեծ զինյալ խմբավորումն է։ Այն պատասխանատու է Իսրայելի վրա վերջին տարիներին բազմաթիվ հրթիռային հարձակումների համար։ Եվ խոստացել է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելն ամբողջությամբ չի ոչնչացվել: