Թուրքիայում 13 մարդ է կալանավորվել Ստամբուլի քաղաքապետի դեմ ագրեսիայի պատճառով
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 13 մարդու, որոնք առնչություն են ունեցել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ իրականացրած ագրեսիվ գործողությունների հետ, որոնք տեղի են ունեցել Էրզրումում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 8-ին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Միջադեպի փաստը հետաքննվում է: Որոշում է կայացվել կալանավորել անձանց, որոնք կատարվածի մեջ մեղավոր են համարվում: 13 անձ այս պահին կալանքի տակ է։ Թե՛ գլխավոր դատախազությունը, թե՛ տեղական արդարադատության մարմինները հետաքննում են գործը»,-նախարարի խոսքերը մեջբերել է TRT հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ին Էրզրում քաղաքում։ Իմամօղլուն ելույթ է ունեցել հասարակության առաջ, երբ մի քանի հոգի սկսել են քարեր նետել տրիբունայի և ավտոբուսի վրա: Քաղաքապետի խոսքով՝ վիրավորվել է 10-15 մարդ: Այդ գործողությունների հետևանքով նա ընդամենը 15 րոպե է ելույթ ունեցել, ինչից հետո ավտոբուսով հեռացել է: