Մոսկվայում կքննարկվի Թուրքիայից սիրիացի փախստականների վերադարձի հարցը
Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպմանը, որը նախատեսված է մայիսի 10-ին Մոսկվայում, քննարկվելու է սիրիացի փախստականների՝ Թուրքիայից հայրենիք վերադարձի հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 8-ին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Դրանք Սիրիայի հարցով բանակցություններ են լինելու: Մենք կքննարկենք, թե ինչպես է հնարավոր սիրիացի փախստականներին անվտանգ իրենց հայրենիք վերադարձնել: Բայց դրա համար պետք է հող նախապատրաստենք, ապահովենք անվտանգությունը, կայունությունը, ինչի համար անհրաժեշտ կլինի համագործակցել Սիրիայի ղեկավարության և ՄԱԿ-ի հետ»,- նշել է նա։
Չավուշօղլուն հավելել է, որ այս պահին Սիրիայի ղեկավարությունը չի կարող ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։