Հոլանդին հնարավոր է կանգնեցնել միայն կոլեկտիվ ջանքերով․ Ռունի
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարևոր դեր կխաղա «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 2022/2023 թվականների կիսաեզրափակչի դիմակայությունում։
«Ինձ դուր եկավ Հոլանդի արձագանքն այն բանից հետո, երբ «Սիթին» նրա համար չեմպիոնական միջանցք կազմեց։ Նա շփոթված տեսք ուներ, ինչը ցույց է տալիս նրա համեստությունը։
Անտոնիո Ռյուդիգերը կոշտ կենտրոնական պաշտպան է, ով սիրում է մենամարտեր: Բայց անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ նա կարող է գլուխ հանել Հոլանդից: Հաշվի առնելով վերջինիս արագությունն ու ուժը, ինչպես նաև տուգանայինում տեղաշարժը, չեմ հավատում, որ կենտրոնական պաշտպանը կկարողանա կանգնեցնել նրան։ Նրան կանգնեցնելու միակ միջոցը կոլեկտիվ ջանքերն են»,- Ռունիին մեջբերում է VG-ն՝ հղում անելով The Times-ին:
Չեմպիոնների լիգայի 2022/2023 մրցաշրջանի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որում կհանդիպեն «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին», կանցկացվի երեքշաբթի՝ մայիսի 9-ին, Մադրիդում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Աղբյուր ArmSport.am