Սրտաբանները նախազգուշացրել են կանանց համար անքնության վտանգների մասին
Անքնությամբ տառապող մարդիկ սրտի կաթված ստանալու 69 տոկոսով ավելի մեծ ռիսկ ունեն, ընդ որում՝ կանանց համար ռիսկն ավելի մեծ է, պարզել են սրտաբանների ամերիկյան քոլեջի գիտնականները: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են clinical Cardiology ամսագրում:
Մասնագետները վերլուծել են 1226 հետազոտություն։ Ընդհանուր առմամբ գնահատվել են ավելի քան 1 մլն մեծահասակների տվյալներ, որոնցից 150 հազարը տառապել են անքնությունից։ Հիվանդների մեծ մասը (96%) սրտի կաթվածի պատմություն չի ունեցել: Հետազոտության ընթացքում սրտի կաթվածներ են եղել անքնությունից տառապող 2,4 հազար մարդու և անքնությունից չտառապող 12 հազար մարդու մոտ:
Մարդիկ, ովքեր գիշերը քնել են հինգ կամ ավելի քիչ ժամ, սրտի կաթվածի ամենամեծ ռիսկն են ունեցել, իսկ շաքարախտով և անքնությամբ տառապող մարդիկ կրկնակի հավանականություն են ունեցել սրտի կաթված ստանալու:
«Զարմանալի չէ, որ անքնություն ունեցող մարդիկ, ովքեր նույնպես ունեցել են զարկերակային բարձր ճնշում, խոլեստերինի բարձրացում կամ շաքարախտ, սրտի կաթվածի նույնիսկ ավելի մեծ ռիսկ են ունեցել, քան նրանք, ովքեր չունեին: Շաքարախտով տառապող մարդիկ, ովքեր նույնպես տառապում են անքնությունից, ունեցել են սրտի կաթվածի կրկնակի հավանականություն: Կարևոր է նաև այն, որ կանայք ավելի հաճախ են տառապում անքնությունից, ուստի նրանց համար ռիսկերը մեծանում են», – բացատրել են հեղինակները։
Քնի կամ քնի պահպանման հետ կապված խնդիրները նույնպես կապված են եղել սրտի կաթվածի 13%-ով ավելի մեծ հավանականության հետ, համեմատած այդ ախտանիշներից զուրկ մարդկանց հետ: Նրանք, ովքեր բողոքել են միայն հոգնածությունից արթնանալուց հետո ՝ առանց որևէ քնի պակասի, սրտի կաթվածի մեծ ռիսկի չեն ենթարկվում: