Եկեղեցին մշտապես կարևորել է արցախահայության անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը․ Գարեգին 2-րդը՝ ուսանողներին
Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական համալսարանի շուրջ 150 շրջանավարտների և ուսանողների։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
««Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ կողմից իրականացվող Հայկական համալսարան ծրագրի համահիմնադիր, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց կրթական կառույցի նպատակները, իրականացվող ծրագրերը և արձանագրված հաջողությունները։ Պրն․Գեղամյանն ընդգծեց նաև, որ կրթությունից զատ համալսարանը նպատակ է հետապնդում ուսանողներին ծանոթացնելու և հաղորդ դարձնելու ազգային արժեքներին։
Իր հայրական սերն ու օրհնությունը բերելով Հայկական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին՝ Նորին Սրբությունը կարևոր նկատեց գիտելիքի փոխանցմանը զուգահեռ հոգևոր, բարոյական արժեքներով դաստիարակությունը։ Ըստ Հայրապետի՝ հոգևոր, բարոյական արժեքներով ձևավորման դեպքում է, որ գիտելիքը մարդուն կարող է պարգևել բարօր և երջանիկ կյանք։
Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադառնալով հայրենիքի դժվարին իրավիճակին և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, կարևորեց հայորդիների հայեցի դաստիարակությունը, ինչի շնորհիվ միայն հնարավոր կլինի դուրս գալ առկա ծանր կացությունից։ Այս ամենում Վեհափառ Հայրապետն էական նկատեց նաև ԲՈւՀ-րի դերակատարությունը՝ զորացնելու երիտասարդների մեջ հայրենասիրության և աստվածսիրության զգացումները։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես հայ ժողովրդի մեջ վառ է պահել անկախ պետականության գաղափարը, նաև կարևորել արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը։
Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հասարակության մեջ քրիստոնեական վարդապետության սկզբունքների կիրառմանը և տեղեկատվական դաշտում ծավալվող քարոզչական գործունեությանը։
Հանդիպումից հետո Հայկական համալսարանի շրջանավարտներն ու ուսանողները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Պատարագի սրբազան արարողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։