ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում էր իր Ս-400-ներն ուղարկել Ուկրաինա. Չավուշօղլու
ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում էր իր Ս-400-ները ուղարկել Ուկրաինա, սակայն Անկարան հրաժարվեց: Այս մասին Habertürk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ս-400-ի վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել ԱՄՆ-ից։ Մեզ ասացին. մեզ վերահսկողություն տրամադրեք։ Սա առաջարկ է, որն անդրադառնում է մեր անկախությանը։ Այդ դեպքում որտե՞ղ է մեր անկախությունը»,- պատմել է նա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նախարարի խոսքով՝ Անկարան բազմիցս ամերիկյան վարչակազմից տարբեր առաջարկներ է ստացել Ս-400-ների վերաբերյալ, և եթե զիջող լիներ, Վաշինգտոնի հետ ներկայիս խնդիրները չէր ունենա:
«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ 2017 թվականին Թուրքիան Ռուսաստանի հետ Ս-400 գնդային համալիրի մատակարարման պայմանագիր է կնքել, որն էլ ստացել է 2019 թվականի ամառ-աշնանը: Ընդ որում, ԱՄՆ-ն պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, աակայն Անկարան դրան չգնաց։ Որպես պատիժ՝ Վաշինգտոնը Թուրքիային դուրս է թողել F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանել ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ՝ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով: