Լեհաստանը ԵՄ-ից կպահանջի ռուսական գյուղմթերքի ներմուծման դեմ պատժամիջոցներ սահմանել
Լեհաստանը Եվրամիությունից կպահանջի պատժամիջոցներ կիրառել՝ ռուսական գյուղմթերքների ներմուծման դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է ԵՄ-ում Լեհաստանի դեսպան Անջեյ Սադոսը:
«Եվրոպային այժմ չեն սպառնում գյուղատնտեսական ապրանքների մատակարարման շղթայի խափանումները: Հակառակը, մենք ունենք ավելցուկի խնդիր: Մենք լուծում ենք Ուկրաինայից գյուղմթերքների ներմուծման ավելացման խնդիրը»,-ասել է Սադոսը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը մինչև հունիսի 5-ը սահմանափակումներ էր մտցրել ուկրաինական ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի ներմուծման մասով՝ նվազեցնելու այդ ապրանքների ավելցուկային մատակարարումը Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա:
Ուկրաինայում ռազմական գործողություններից ի վեր ԵՄ-ն պատժամիջոցների 10 փաթեթ է ընդունել ռուսական ընկերությունների և ֆիզիկակական անձանց դեմ: Լեհաստանն ապրիլին առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթ Մոսկվայի դեմ, այդ թվում՝ խողովակաշարով նավթի և ադամանդի ներկրումն արգելել: