Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Գաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի՝ «France Inter» հանրայի ռադիոյի հետ հարցազրույցը, որում ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված անկլավ է Ադրբեջանում։ Նա նաև շեշտել էր, որ Լաչինի միջանցքը շարունակում է շրջափակված մնալ՝ պահանջելով բացել այն։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ նման հայտարարությունն անհարգալի վերաբերմունք է Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ:
«Եվս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել Ֆրանսիայի ԱԳ նախարարին, որ Ղարաբաղի տարածաշրջանը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք է և Ադրբեջանի բաղկացուցիչ մասը», - նշել է Գաջիզադեն։
Անդրադառնալով Հակարիի կամրջի վրա հսկիչ անցագրային կետի տեղակայմանը՝ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ «Ադրբեջանն իրականացնում է իր սահմանների պաշտպանությունը, և անցակետ հատումը տեղի է ունենում երկրի օրենսդրության և միջազգային մակարդակով ընդունված կանոնների համաձայն»։
«Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին», - հայտարարել է նա։