Սամվել Բաբայանը չի նահանջում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախն օրհասական ժամանակներ է ապրում, սակայն ներքաղաքական բուռն պրոցեսներ են ընթանում։ ՀԿ սեկտորն է ակտիվացել:
Ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի պալատում նա հերթական հավաքն է կազմակերպել եւ Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իր տեսակետն է ներկայացրել՝ մեղավորներ հռչակելով նախկիններին եւ Արցախի գործող իշխանություններին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին։
Ասել է, որ Ադրբեջանը մինչեւ անցակետի տեղադրումը բազմիցս է ապատեղեկատվություն տարածել, թե իբր այդ ճանապարհով հայերը զենք-զինամթերք են տեղափոխում, ԱՀ իշխանությունները պետք է կանխատեսեին, որ ճանապարհը փակելու հող են պատրաստում, եւ քայլեր ձեռնարկեին, ասենք՝ իրենք սկաներ սարքեր տեղադրեին՝ հերքելով ադրբեջանական ստերը։
Բաբայանը ոչ անվանական, բայց խոսել է նաեւ Ռուբեն Վարդանյանի դեմ, ով, ըստ որոշ լուրերի, կանգնած է «Ո՛չ էթնիկ զտմանը» նախաձեռնության ետեւում։ Բաբայանն ասել է, թե այդ ստորագրահավաքը ոչ մի արդյունք չի տալու՝ նման փորձ եղել է նաեւ 90-ականներին, ապարդյուն: Ակնհայտ է, որ Բաբայանը պետնախարարի պաշտոնին է հավակնում, սակայն Արցախի նախագահականից հայտարարեցին, որ նրան պաշտոն չի առաջարկվելու: Մինչդեռ Բաբայանը որոշել է չնահանջել` հանրային կոնսոլիդացիա ապահովել եւ նստացույց հայտարարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: