Արցախում մեծ հանրահավաք է սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում առաջիկայում հերթական մեծ հանրահավաքն է սպասվում՝ մայիսյան եռատոնին ընդառաջ: Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հանրահավաքը նախաձեռնել են Արցախի ստորագրահավաքը նախաձեռնած երիտասարդները, որոնց Հայաստանում միացել եւ ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, որը 2 օրում մոտ 5 հազար ստորագրություն է հավաքել արդեն:
Հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու պահանջով է լինելու: Հանրահավաքը նաեւ մայիսյան հաղթանակների ոգով է կազմակերպվելու, լինելու են ելույթներ՝ դրան նվիրված:
Մեր տեղեկություններով՝ հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսվել են. չի բացառվում, որ այդ հանրահավաքին մասնակցեն նաեւ Արցախի իշխանությունները, ինչպես նաեւ ընդդիմությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: