Շոյգուն հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել զորքերի մատակարարման հարցերը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է Հարավային ռազմական օկրուգի հատուկ ռազմական գործողության շրջաններ ուղարկված ռազմական տեխնիկայի և սպառազինության պատրաստվածությունը:
ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Շոյգուն խնդիր է դրել հատուկ հսկողության տակ պահել հատուկ ռազմական գործողության շրջաններում զորքերի շարունակական և ռիթմիկ մատակարարման խնդիրները՝ բոլոր անհրաժեշտ սպառազինությամբ և զինտեխնիկայով։
Պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ա.Կուզմենկովը ներկայացրել է ռուսական զորքերի մատակարարման համար ժամանակակից տանկերի, զրահատեխնիկայի, հատուկ տեխնիկայի և մեքենաների նոր խմբաքանակներ։
Կուզմենկովը հայտնել է, որ օրական վերանորոգված զինտեխնիկայի քանակը երեքից երկու հարաբերակցությամբ գերազանցում է շարքից դուրս եկածներին։
Նշենք, որ «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տեսաուղերձ է հղել պաշտպանության նախարարության ղեկավարությանը, նախագահին և հանրությանը, որում հայտարարել է, որ մայիսի 10-ին իր մարտիկները կլքեն Բախմուտը (Արտյոմովսկ):
Նա բացատրել է, որ այս որոշումը պայմանավորված է արկերի բացակայությամբ, և առաջարկել է պաշտպանության նախարարությանը զբաղեցնել այն դիրքերը, որոնք այժմ զբաղեցնում է «Վագներ» խմբավորումը։