ԱՄՆ-ն մտադիր է անձնակազմ չունեցող ավելի քան 100 նավ ուղարկել Արաբական թերակղզու շրջան
ԱՄՆ-ն նախատեսում է Արաբական թերակղզու շրջանում տեղակայել անձնակազմ չունեցող ավելի քան100 նավ՝ Իրանի և Չինաստանի գործունեությանը հետևելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Հինգերորդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Բրեդ Կուպերը: Այդ նավատորմի պատասխանատվության գոտու մեջ է մտնում ամենից առաջ Մերձավոր Արևելքը։
Նրա խոսքով` ԱՄՆ իշխանությունները ցանկանում են մինչև այս ամռան վերջն ուղարկել ավելի քան 100 ռոբոտ նավ և շարունակել խորացնել գործընկերային հարաբերությունները տարածաշրջանի դաշնակիցների հետ: Փոխծովակալը նշել է, որ նախնական նպատակը՝ 50 նավի տեղակայումը, իրականացվել է փետրվարին։ ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել իր ներկայությունը տարածաշրջանում, քանի որ անհանգստացած է Պարսից ծոցի երկրների հետ կապերն ընդլայնելու Չինաստանի ջանքերից և ցանկանում է հետևել Իրանի գործունեությանը։
Ինչպես նշում է գործակալությունը, այդ ռոբոտ նավերն արտադրում են Կանադայի, Իսրայելի և ԱՄՆ-ի ընկերությունները և արժեն 800 հազարից մինչև 3 միլիոն դոլար։
Մայիսի 4-ին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է Մերձավոր Արևելքում ստեղծել հակաօդային պաշտպանության և ծովային անվտանգության ապահովման ինտեգրված ճարտարապետություն: Սալիվանը հստակեցրել է, որ ինտեգրումը հնարավոր է «նորարարական գործընկերությունների և տեխնոլոգիաների» շնորհիվ։ Որպես օրինակ նա բերել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի աշխատանքը, որի կազմում գործում է մի խումբ, որն «արհեստական ինտելեկտն օգտագործում է այնպիսի նպատակներով, որոնք, իրոք, ապշեցնում են երևակայությունը»: