Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Մայիսի 5-ին՝ ժամը 10:55-ին, Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, երբ Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացնելիս եղել, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են իր ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են՝ Ա.Վահանյանը (ծնված 1971թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում` իրեն պատկանող նռան այգում «КТЗ-90» մակնիշի թրթուրավոր տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։