Աշխարհում COVID-19-ի պատճառով մահացությունը չորս շաբաթվա ընթացքում 30 %-ով նվազել է. ԱՀԿ
Ապրիլի 3-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է գրեթե 2,8 մլն մարդ, ավելի քան 17 հազարը մահացել է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ մահվան դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 30 %-ով, վարակվածների թիվը՝ 17 %-ով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 2 779 198 դեպք և 17 459 մահ։
28 օրվա ընթացքում հիվանդության ամենամեծ թվով դեպքերն արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 392 480, որին հաջորդում են Կորեայի Հանրապետությունը (330 509), Ճապոնիան (251 158), Հնդկաստանը (222 784) և Ֆրանսիան (197 190): Ապրիլի 3-ից մինչև 30-ն ամենաշատ մահվան դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում՝ 5 263: Այնուհետև հաջորդում են Բրազիլիան (1 255), Ռուսաստանը (993), Ֆրանսիան (871) և Իրանը (762):
Մայիսի 3-ի դրությամբ ԱՀԿ-ն համավարակի սկզբից ի վեր հաղորդումներ է ստացել կորոնավիրուսով 765 222 932 վարակվածների և 6 921 614 մահվան դեպքերի մասին: