Հնդկաստանի արտգործնախարարն առաջընթաց է նշել ՇՀԿ-ին Բելառուսի և Իրանի անդամակցության գործում
Հնդկաստանն առաջընթաց է նշում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Բելառուսի և Իրանի անդամակցության գործընթացում: Նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը Փանաջիում ՇՀԿ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության բացմանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Ուրախ եմ նշելու Իրանին և Բելառուսին որպես ՇՀԿ-ի լիիրավ անդամներ ընդունելու շարունակվող գործընթացում առաջընթացի մասին: Շնորհակալ եմ ՇՀԿ քարտուղարությանն այս ուղղությամբ գործադրած ջանքերի համար», - ասել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը:
Ջայշանքարն ուրախությամբ արձանագրել է, որ Փանաջիի հանդիպմանը երկխոսության նոր գործընկերները ՇՀԿ-ի հետ կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։
«Մենք ողջունում ենք երկխոսության մեր նոր գործընկերներին և նրանց հետ ՇՀԿ-ի ձևաչափով փոխգործակցության ակտիվացման հույս ունենք»,- նշել է նա։
Փանաջիում ընթացող միջոցառման շրջանակներում սպասվում է Բահրեյնին, Քուվեյթին, Մալդիվներին, Մյանմային և Արաբական Միացյալ Էմիրություններին ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակի տրամադրման փաստաթղթերի ստորագրում։
ՇՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում մայիսի 4-5-ը կազմակերպությունում նախագահող Հնդկաստանի Փանաջի քաղաքում։