Պենտագոնը փորձեր է ձեռնարկել ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպում կազմակերպելու համար
Պենտագոնը ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և նրա չինացի գործընկեր Լի Շանֆուի հանդիպումը կազմակերպելու համար: Դրա համար կարող է առիթ դառնալ երկու նախարարների համատեղ մասնակցությունը հունիսի սկզբին Սինգապուրում կայանալիք «Շանգրի-Լա երկխոսությանը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Սա արտացոլում է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի շահագրգռվածությունը երկու երկրների միջև ռազմական շփումների վերսկսման հարցում, որոնք ընդհատվել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն այս տարվա փետրվարին իր տարածքում խոցեց չինական օդապարիկը։ Գործակալությունը հիշեցնում է, որ այդ միջադեպից հետո Չինաստանը մերժել է Լլոյդ Օսթինի և ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլիի`հեռախոսով չինացի գործընկերների հետ կապվելու մի քանի փորձերը։
Երկու երկրների միջև հարաբերությունների հետագա սառեցմանը նպաստել է նաև Միացյալ Նահանգներում Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի հանդիպումը:
Գործակալությունը կարծում է, որ նաև սա է պատճառներից մեկը, թե ինչու «Բայդենի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի միջև երկար սպասված հեռախոսազրույցը դեռ չի կայացել»։
Bloomberg-ը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Լի Շանֆուն գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում: Բանն այն է, որ երբ նա ղեկավարում էր ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի զորքերի պատրաստման և մատակարարման վարչությունը, Չինաստանը Ռուսաստանից գնել է Սու-35 ինքնաթիռներ և սարքավորումներ C-400 զենիթահրթիռային համալիրների համար: