«Վագներ»-ի ղեկավարը սպառնացել է դուրս բերել իր զինվորներին Բախմուտից
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը պաշտոնապես դիմել է ՌԴ գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովին և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ սպառնալով իր զինվորականներին դուրս բերել Բախմուտից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պրիգոժինի տարածած հայտարարությունը:
Նա նշել է, որ մայիսի 10-ին ստիպված կլինի Բախմուտի դիրքերը հանձնել ՌԴ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին և դուրս բերել «Վագներ»-ի մնացած զինվորներին թիկունք:
Պրիգոժինը հայտնել է զինամթերքի պակասի մասին:
Իսկ մայիսի 4-ին «Վագներ»-ի ղեկավարն իր Telegram ալիքում տեսանյութ էր հրապարակել դիակների կողքին՝ դարձյալ դիմելով ՌԴ պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի հրամանատարին, խոսելով զինամթերքի պակասի մասին և նշելով, որ բոլորը նույն օրը զոհված զինվորներն են:
Ուկրաինայի զինված ուժերն, արձագանքելով Եվգենի Պրիգոժինի հայտարարությանը, նշել են, որ «Վագներ»-ը ոչ թե զինամթերքի պակաս ունի, այլ զինվորների:
Բախմուտը շարունակում է մնալ Ուկրաինայի առաջնագծի ամենաթեժ կետերից մեկը, որտեղ երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում: Քաղաքի համար մարտեր են ընթանում արդեն 9 ամիս՝ անցյալ տարվա օգոստոսից: