Հրաձգություն՝ Սերբիայում. զոհերի թիվը հասել է ութի
Սերբական Մլադենովաց քաղաքային համայնքի Դուբոնա գյուղում հինգշաբթի օրը տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է ութի։ Այս մասին հայտնում է Blic թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ սպանվածների թվում են 21-ամյա ոստիկանը և նրա կրտսեր քույրը, որի տարիքը չի նշվում։ Մյուս զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվում էր յոթ զոհի և 13 վիրավորի մասին։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Blic թերթը, տուժածներից յոթը վիրահատության կարիք ունի, իսկ մեկին արդեն հաջողությամբ վիրահատել են։ Վիրավորների թվում երեխաներ կան։
Թերթի տեղեկություններով՝ 21-ամյա կասկածյալը Դուբոնի դպրոցի բակում վիճաբանել է մի խումբ մարդկանց հետ, տնից ինքնաձիգ է վերցրել ու կրակ բացել։ Դրանից հետո նա գնացել է հայրենի Շեպշին գյուղ, որտեղ կրկին սկսել է կրակել։ Ենթադրվում է, որ երիտասարդը զինվորականի որդի է։ Կրակողը հետախուզվում է ոստիկանության կողմից, մարզում հայտարարվել է «Հողմի» պլան. Հետախուզության աշխատակիցները կարծում են, որ նա փախել է Շեպշին։
Ինչպես հայտնում են Vecherne Novosti-ի աղբյուրները, կասկածյալը շրջապատված է, սակայն չի համաձայնում հանձնվել ոստիկանությանը և կրակում է ոստիկանների վրա։
Սա Սերբիայում այս շաբաթ տեղի ունեցած մեծ թվով զոհերով առաջին հրաձգությունը չէ: Մայիսի 3-ին Բելգրադի կենտրոնում գտնվող դպրոցում դեռահասը կրակ է բացել հասակակիցների վրա։ Հրաձգության հետևանքով զոհվել է ինը մարդ՝ ութ դպրոցական եւ անվտանգության աշխատակից։ Եվս վեց երեխա և մեկ ուսուցիչ վիրավորվել են և այժմ գտնվում են հիվանդանոցում։ Սերբական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 13-ամյա տղան ուսումնական հաստատություն է եկել երկու ատրճանակով և մոլոտովի կոկտեյլներով։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ավելի ուշ հայտարարել է, որ զինված անձին կտեղափոխեն հոգեբուժարան։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։