Չինաստանի արտգործնախարարը Լավրովին հայտնել է ուկրաինական ճգնաժամը ՌԴ-ի հետ կարգավորելու պատրաստակամության մասին
Չինաստանը պատրաստակամ է իրական ներդրում ունենալ Ռուսաստանի հետ փոխգործակցության միջոցով ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում: Նման հայտարարություն է արել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Գոա նահանգում կայացած հանդիպման ժամանակ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Չինաստանը հաստատակամորեն կաջակցի խաղաղ բանակցությունների առաջխաղացմանը: Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ շփումների և համակարգման միջոցով իրական ներդրում ունենալ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում», - Ցին Գանի խոսքը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում նա մատնանշել է Պեկինի և Մոսկվայի միջև փոխգործակցության ամրապնդումը մարտին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Ռուսաստան կատարած այցից հետո։
«Չինաստանը և Ռուսաստանը բոլոր մակարդակներում ավելի ու ավելի ակտիվ շփումներ են պահպանում միմյանց հետ, խթանում համագործակցությունը բոլոր ուղղություններով», - ընդգծել է Ցին Գանը։
Չինացի դիվանագետը հստակեցրել է, որ ՉԺՀ-ն կձգտի գործնականում իրագործել Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված կարևոր փոխհամաձայնությունը։
«Չինաստանը պատրաստ է... ուժեղացնել ռազմավարական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, ամրապնդել և խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում», - ամփոփել է նա։
Երկու կողմերը, ինչպես նշվել է, հաստատել են համակարգումն ամրապնդելու իրենց մտադրությունը միջազգային համագործակցության այնպիսի կարևոր բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, BRICS-ը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա), G20-ը և ՄԱԿ-ը, միասին «դիմադրելու հեգեմոնիայի բոլոր դրսևորումներին, պաշտպանելու երկրների ընդհանուր շահերը ձևավորվող շուկաների և զարգացող պետությունների հետ, պաշտպանելու իրավահավասարությունն ու արդարությունն աշխարհում»։